Մինչ այսօր գործող իշխանություններն առանց նշանակալից դիմադրության կարողացել են կյանքի կոչել իրենց նպատակները: Այդ ճանապարհին որպես միջոց օգտագործելով թե արտաքին սպառնալիքների իրական և մտացածին զինանոցը, թե ներքին՝ անվտանգության, դատա-իրավական, մեդիա-մանիպուլյատիվ համակարգերը, հիմնավորելու և արդարացնելու, պարտադրելու և օրինականացնելու համար դրանք:
Իշխանության ռազմավարությունը հասկանալի է: Մարդկանց հանգիստ չտալ, շարունակաբար ներքաշել նորանոր խնդիրների մեջ՝ սոցիալական, բնապահպանական, իրավական, ֆինանսական, անվտանգային, արժեհամակարգային և նորից... Մարդկանց շարունակաբար ծանրաբեռնել մտավոր, էմոցիոնալ, նյութական, ընկերային... խնդիրներով: Քաղտեխնոլոգիայի նպատակը երկակի է: Նախ, իշխանությունն իր նպատակներն է առաջ տանում: Եթե անգամ որոշ հարցերում փոքր-ինչ հետ քայլ է անում, մեկ այլ տեղ լիովին հատուցում է կորցրածը: Երկրորդ. մարդիկ շարունակաբար գտնվելով այդ բեռի տակ և չգտնելով դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, կորցնում են մոտիվացիան: Դառնում են անտարբեր: Իսկ անտարբերությունը հասարակության մահվան ցուցիչ է:
Այդ քայլերին ժողովրդի կողմից ցուցաբերվող հակազդեցությունը վաղուց ոչ թե հավակնում է ինչ-որ բան բարելավել, որևէ խնդրի փոխհամաձայնեցված լուծում գտնել, այլ պայքար է իշխանական հերթական ոտնձգության դեմն առնելու հույսով: Այն քաղաքական, հասարակական ուժերը, որոնք ուղեկցում, երբեմն ուղղորդում են մարդկանց այդ հակազդեցության ակցիաների ժամանակ, ոչ մի հեռանկար չեն առաջարկում նրանց: Հասարակ քաղաքացիների նման և նրանց հատուկ միջոցներով նրանք էլ պայքարում են իշխանական նորանոր անակնկալների դեմ՝ սահմանային խնդիրներից սկսած մինչև համատարած հայտարարագրման պարտավորեցում, հարկային պարտավորությունների ծանրացումից մինչև տրանսպորտի ուղետոմսի թանկացում և այդպես շարունակ:
Ինչու են մարդիկ որոշակի ակտիվությամբ մասնակցում, ասենք, քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտին, բայց ինչպես հարկն է չեն արձագանքում իշխանափոխության կոչերին: Հավանաբար ուղեվարձի հիսուն դրամ իջեցման հեռանկարը կարող է մարդկանց մոտիվացնել: Իսկ իշխանափոխությանը հաջորդող անհասկանալի ապագայի նկատմամբ վախն ու անվստահությունը կաշկանդում են նրանց, քանի որ իշխանափոխության կոչ անողներն այդ ապագայի մասին նրանց ոչինչ չեն ասում:
Գիտակցել է պետք, որ այս իշխանությունը, առանց իր գծից շեղվելու, իրականացնելու է իր ծրագրային առաջադրանքները, որքան էլ դրանք ծանր և անդառնալի լինեն իրենց ուղղակի ազդեցությամբ և հետևանքներով:
Այդքանով անշրջանցելի խնդիր է պարտվողական, գործակալական մտածելակերպով և գործելակերպով երկիրը մասնատող, ազգի հոգևոր առանցքը քայքայող իշխանության հեռացումը, որպես մեր պետության գոյության և զարգացման ճանապարհին համար մեկ պատնեշ: Այսինքն, ներկա իրականությունը փոխելու համար անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է:
Բայց արդյոք այն նաև բավարար պայման է:
Նախ, հարց է, կհաջողվի՞, այսպես ասած, կիսատ օրակարգով, միայն իշխանափոխության պահանջով հեռացնել այս իշխանությանը: Այդպիսի հնարավորությունը ժխտող մի քանի նախադեպ մենք արդեն ունենք: Ճիշտ է, որ այդ ընթացքում հասարակության մեջ իշխանության նկատմամբ վերաբերմունքի էական տեղաշարժ կա, սակայն դա հնարավոր է հակակշռել բազմաթիվ արդեն հայտնի մանիպուլյատիվ, ռեպրեսիվ գործիքներով, չի բացառվում, որ, իրավիճակի սրմանը զուգահեռ, մենք ականատես լինենք նոր միջոցների ներդրման, թշնամական տանդեմի հետ խաղարկված սցենարների գործարկման:
Եթե հաջողվի էլ այդ տարբերակով ազատվել օրվա իշխանություններից, դա կարող է դիտարկվել որպես երկրում կայունության և անվտանգության ապահովման հնարավորությունների նվազագույն շեմ: Մենք կշարունակենք գտնվել նեոլիբերալ համակարգի գաղափարական, տնտեսական, ֆինանսական... մամլիչների տակ: Մնալով այդ համակարգում՝ մենք մեր խանդիրներին լուծում տալ չենք կարող սկզբունքորեն:
Համակարգը շարժվում է իր օրենքներով, իր տրամաբանությամբ՝ դեպի իր նպատակները, որտեղ շատ-շատերի՝ ազգերի, երկրների, ժողովուրդների, համար տեղ չկա:
Դրանից զատ մենք ունենք նաև մեր առանձնահատկությունները՝ ի դեմս մեր ակնհայտ և թաքուն թշնամիների, ի դեմս մեր ոխերիմ բարեկամների: Այսինքն, այս տարբերակն ընդամենը ինչ-որ չափով կերկարաձգի մեր վախճանը: Այդքանը:
Հ.Գ. Իսկ ինչպիսի՞ խնդիրներ պետք է դնենք մեր առջև: Ինչու՞ այդպիսի խնդիրներ:
Վահրամ Բայադյան